ՎԶԵԲ-ը, ԵՄ-ն ու ԱրմՍվիսԲանկն աջակցում են հայաստանյան բիզնեսի աճին

Ծիրանը Հայաստանի ամենահայտնի միրգն է, ազգային նվիրական խորհրդանիշն ու երկրի հիմնական գյուղատնտեսական արտահանվող արտադրանքը: Ծիրանի բերքահավաքը սկսվում է հունիսին, երբ ամբողջ տարածաշրջանի ծառերը ծանրանում են հյութալի մրգերից։ Հունիսը չափազանց զբաղված ամիս է ծիրանի մատակարարման շղթայում ներգրավված բոլոր ընկերությունների համար:

Labora Plast ընկերությունն արդեն երկար ժամանակ է, ինչ գործունեություն է ծավալում գյուղատնտեսության ոլորտում է, ներմուծում է սառցարաններ և սառնարաններ՝ արտադրանքը, ներառյալ ծիրանը, թարմ և հյութալի պահելու համար: Վերջին շրջանում ընկերությունը նկատեց մատակարարման շղթայում առկա բացն ու որոշեց զբաղեցնել այն՝ արտադրելով գյուղատնտեսական ապրանքների արտահանման համար նախատեսված արկղեր:

ՎԶԵԲ-ը, Եվրոպական Միությունը (ԵՄ) և ԱրմՍվիսԲանկն ընկերության համար դարձել են կայուն գործընկերներ։ Վերջիններիս օգնությամբ ընկերությունն իրականացնում է իր հավակնությունները և ներդրումներ է կատարում ավելի առաջադեմ տեխնոլոգիաների մեջ՝ EU4Business-ՎԶԵԲ վարկային գծի շնորհիվ:

«Ծրագիրն ու ներդրումները շատ շահավետ էին մեր ընկերության համար. նոր սարքավորումները թույլ են տալիս խնայել մեր էներգիայի մինչև 40 տոկոսը: Միևնույն ժամանակ, մենք կարող ենք արտադրել երկու անգամ ավելի շատ տուփեր, քան նախկինում, և նպաստել Հայաստանի արտահանման ծավալների մեծացմանը»,- ասում է ընկերության տնօրեն Արվին Նազարյանը։

ՎԶԵԲ-ն ընկերություններին առաջարկում է վարկեր՝ արտադրությունն արդիականացնելու և այն ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով։ Այս վարկերը, որոնք տրամադրվում են տեղական գործընկեր ֆինանսական հաստատությունների միջոցով, ինչպիսին է ԱրմՍվիսԲանկը, զուգորդվում են դրամաշնորհներով և տեխնիկական աջակցությամբ։ Վերջիններս ֆինանսավորվում են ԵՄ-ի կողմից՝ EU4Business նախաձեռնության շրջանակներում

«Արագ փոփոխվող աշխարհում, որտեղ շարունակական է տեխնոլոգիական առաջընթացը, ներդրումները ժամանակակից սարքավորումների մեջ կարող են մրցակցային առավելություններ տրամադրել բիզնեսներին, վերջիններս դարձնելով ավելի ճկուն, արդյունավետ և պարտավորված՝ զարգանալու տեղական և արտասահմանյան շուկաներում: ԵՄ-ի և մեր տեղական ֆինանսական գործընկերների, այդ թվում՝ ԱրմՍվիսԲանկի հետ միասին, մենք խթանում ենք մասնավոր հատվածի զարգացումը և օգնում ընկերություններին զարգացնելու տնտեսությունը», – ասաց ՎԶԵԲ Հայաստանի ղեկավար Գեորգի Ախալկացին:

Հիստոջեն պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոնը Հայաստանում EU4Business-ՎԶԵԲ վարկային գծի մեկ այլ շահառու է:

«Արդյունավետ բուժումը սկսվում է ճշգրիտ ախտորոշումից»՝ սա է Երևանում գործող կենտրոնի կարգախոսը։ «Մենք ապահովում ենք ամենաճշգրիտ և հուսալի պաթոմորֆոլոգիական ախտորոշումը՝ ժամանակակից բժշկական պահանջներին համապատասխան և մեր բարձրակարգ մասնագետների թիմի օգնությամբ»,- ասում է փոխտնօրեն Ռուզաննա Քոչարյանը:

2017 թվականին բացվելուց ի վեր, Հիստոջենը նպատակ է ունեցել տեղի բնակչությանը մատուցել ամենաբարձր որակի ծառայություններն արագ, մատչելի և հեշտ հասանելի եղանակով:

«Ժամանակն էական նշանակություն ունի հատկապես լուրջ հիվանդության դեպքում. որքան արագ լինի ախշտորոշումն, այնքան ավելի արագ կարող ես սկսել բուժումը: Մեր գործընկերների աջակցությամբ ձեռք բերված սքաների շնորհիվ մենք հնարավորություն ունենք կիսվելու թեստերի արդյունքներով արտերկրում գտնվող մեր գործընկերների հետ, փնտրելու բժշկական կարծիք՝ այս ամենը ճիշտ բուժում գտնելու նպատակով»,- նշում է Ռուզաննան։

Նոր ձեռք բերված սքաները թույլ է տալիս փոխանցել զգայուն բժշկական տվյալները բարձր արագությամբ և բարձր որակով՝ հեռահար վերլուծության և ախտորոշման համար: Սքաները նաև թույլ է տալիս Հիստոջենին ավելի ակտիվորեն ներգրավվել գիտական ​​հետազոտություններում և նպաստել ընթացիկ ուսումնասիրություններին:

Այս ամենն առավել կարևոր է Հիստոջենի համար, որտեղ պաթոլոգիայի ոլորտում շարունակական կրթություն են ստանում Հայաստանի Բժշկական համալսարանի երիտասարդ սերունդները։

Մինչ օրս Հայաստանում 13 ընկերություններ արդեն օգտվել են EU4Business-ՎԶԵԲ վարկային գծից, և դրանց թիվը գնալով աճում է: Ծրագիրը գործում է նաև Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում։

 

Cookie Consent with Real Cookie Banner